Պատմություն

Մեր դպրոցի պատմությունը

1891թ․Չամռլու (այժմյան Քասախ) գյուղում բացվել է մեկդասյա  դպրոց, որտեղ քահանան՝ Գուլո Մուքեն, սովորեցրել է  տառաճանաչություն և ուսուցանել  կրոն ։ Դպրոցը արական էր։ Սակայն դպրոցը շուտով փակվել է։
1924թ․ բացվել  է պետական առաջին դպրոցական շենքը՝ 3  դասասենյակներով։ Դպրոցը յոթնամյա էր։ Տնօրենն  էր  Սահակ Եղիազարյանը։
Քասախցիներից առաջինը ( որպես ուսուցիչ,  ապա նաև տնօրեն) 1946 – 1951թթ. դպրոց մտավ Արարատ  Բաղդասարյանը, որը հետագայում արժանացավ  ՀՍՍՀ վաստակավոր մանկավարժի կոչմանը։
Նրան  հետևեցին՝  Գառնիկ Մկրտչյանը, Քնարիկ Հարությունյանը, Հայկազ Մկրտչյանը, Սիրուշ Հակոբյանը, Մանուկ Խաչատրյանը, Ելիզավետա Հակոբյանը, Աղասի Մարտիրոսյանը,Վլադիմիր Մելքոնյանը, Ջավահիր,Ջանիկ,Հերիքնազ Սահակյանները, Ռաֆիկ Ադամյանը և այլոք։
Հայրենական Մեծ պատերազմի տարիներին գյուղում  գործուղումով աշխատելու է գալիս  Մարիա Մալցևան (տավարիշ Մարիան),ապա՝  Սեդա Աբրահամյանը։
1951թ. դպրոցի տնօրեն է նշանակվում Գառնիկ Մկրտչյանը։  Քասախի յոթնամյա դպրոցը այդ տարիներին աշակերտների քանակով նույնատիպ դպրոցների համեմատությամբ  ամենախոշորն էր, սակայն դասասենյակները քիչ էին, այդ իսկ պատճառով   պարապմունքներն  ընթանում  էին  2 հերթով: Դպրոցի չորս  դասասենյակներից  բացի, գյուղում պարապմունքներ էին կազմակերպվում  նաև  բնակիչներին  պատկանող տներում։ Չնայած նման պայմաններին՝ աշակերտները սովորում էին  բարձր առաջադիմությամբ: Հրատարակվում էր   «Մեղու» դպրոցական պարբերականը։
1960 -ականները  բեկումնային եղան ողջ գյուղի , այդ  թվում նաև դպրոցի  կյանքում ։ Հայաստանի կառավարության որոշմամբ  պետք է կառուցվեր  Ապարանի ջրամբարը, որի հետևանքով Քասախ գյուղը պիտի վերաբնակեցվեր։
Վերաբնակեցումից հետո ևս դպրոցը ղեկավարում է  Գառնիկ Մկրտչյանը։ Սկսվում  է  540 տեղանոց  3 մասնաշենքով դպրոցի կառուցումը։
1965թ․ հոկտեմբերի 11-ը պատմական  օր էր դպրոցի կյանքում։ Մեծ բազմության՝  հյուրերի,  ծնողների, հասարակական կազմակերպությունների   ներկայացուցիչների  մասնակցությամբ դպրոցի հրապարակում տեղի ունեցավ   առաջին զանգի արարողությունը: 1966 – 67   ուս.տարում  դպրոցը դարձավ լրիվ միջնակարգ: Տարեսկզբին ընդունեց  իր  առաջին դասարանցիներին և տարեվերջին տվեց իր առաջին  շրջանավարտները,  թվով՝  31:
Հմուտ ու փորձառու ավագ ուսուցիչների շարքերը լրացնելու եկան Մնացական Սաֆարյանը, Զոյա Մուրադյանը, Գենյա Սարգսյանը, Օֆիկ Պողոսյանը, Սերգեյ Վարդերեսյանը, Ժորա Սարգսյանը, Գրետա Մկրտչյանը , Անահիտ Սահակյանը, Փայլակ Կարապետյանը, Նորիկ Պետրոսյանը, Հրաչիկ Ավագյանը, Ջուլիետա Մկրտչյանը և այլոք:
1974-77թթ. դպրոցի տնօրեն  է  նշանակվում  Անդրանիկ Պետրոսյանը, իսկ 1977 – 1979թթ.՝  Սերգեյ Մկրտչյանը։
1979թ․  դպրոցի ղեկավարումը  հանձն է առնում  Վազգեն Սահակյանը։ Նրա ղեկավարման ժամանակաշրջանը թերևս կարելի է համարել  ամենաբարդն  ու հակասականը: ժամանակաշրջան, երբ տեղի ունեցան դարակազմիկ  իրադարձություններ՝ նախ Սովետմիության  վերջին տասնամյակն ու  փլուզումը , երկրաշարժ, անկախություն  ու վերջապես  Արցախյան ազատամարտ ու հաղթանակ։
Ուսուցչական փայլուն համակազմը լրացնելու  եկան  Նոռա Մանուկյանը, Սուսաննա Գրիգորյանը, Մարիամ Հարությունյանը, Սոնա Բաբլոյանը,  Ժենյա Մակարյանը,Կարինե Մուսայելյանը  և այլոք։
Անկախության ուղին բռնած ժողովրդի համար հեշտ չէր վայելել տարիների բաղձանքը։ Սկսված Ղարաբաղյան շարժումը թևակոխեց  մի  նոր՝ պատերազմական շրջան։ Անմասն չմնաց  մեր գյուղը։ Քասախում  կազմավորվեց հատուկ գնդի «Քասախ» վաշտը, որի գրեթե բոլոր անդամները մեր դպրոցի շրջանավարտներ էին: Նրանք կռվում էին հանուն իրենց զավակների վաղվա օրվա, կերտում էին մեր այսօրը:
Իսկ միլիցիայի հատուկ գնդի հրամանատար Ռոբերտ Գևորգյանը մեր դպրոցի սան էր՝ 1975թ․ շրջանավարտ, նա եղել է պատերազմի ամենաթեժ  կետերում, մշտապես պատվով է կատարել  իր գործը։ Բացառիկ հրամանատար, ով ոչ մի զոհ իր գնդից չի ունեցել ։ Չի ունեցել նաև տեխնիկայի կորուստ: Նա զոհվեց՝ շրջափակումից հանելով իր զինակից ընկերներին։ Զոհվեց հերոսի նման, ու հենց նրա նման հերոսների մասին է ժամանակին մեծն Նժդեհը ասել. «Հերոսը մահեն ավելի զորավոր մարդն է»:

1998թ․ դպրոցն անվանակոչվեց  «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանակիր, հետմահու  գնդապետ Ռոբերտ Գևորգյանի անվամբ։ Դպրոցի բակում նրա դասընկերների՝ մասնավորապես Էդիկ Մակարյանի ջանքերով տեղադրվեց հերոսի կիսանդրին։

90 –ականների  2 –րդ  կեսից  սկսած կյանքն սկսեց կայունանալ, ամեն ինչ կամաց-կամաց  ընկավ  հունի մեջ։ Իսկ մեր դպրոցում ոչինչ էլ  չէր ընդհատվել՝  ի շնորհիվ մեր նվիրյալ  ուսուցիչների: Ի պատիվ մեր՝ այդ տարիներին աշխատող ուսուցիչների պիտի նշել, որ նրանք աշխատեցին անձնուրաց, չնայելով  ո՛չ  վատ  պայմաններին, ո՛չ ցրտին: Աշխատեցին գրեթե առանց վճարվելու և այդ պայմաններում էլ ներդրեցին իրենց  ողջ  ջանքերն ու նվիրումը՝  հանուն  նոր սերնդի կրթության: Այդ տարիներին  էր, որ, անտեսելով բոլոր դժվարությունները, դպրոց մտան  Նարինե Մարտիրոսյանը, Արեգ Գրիգորյանը, Կարինե Մարտիրոսյանը, Անահիտ Վարդանյանը, Աղբյուրիկ Բզնունին, Լուիզա Թոփուզյանը։

Ահա այսպիսն էր մեր դպրոցը նոր հազարամյակի  շեմին։

2000թ․-ին դպրոցի տնօրեն է նշանակվում Գրետա Մկրչյանը, ու մեր դպրոցը թևակոխում է մի նոր փուլ։ Ստանում է իր  2-րդ շնչառությունը՝  շնորհիվ իր նվիրված ու բազմավաստակ և նրանց շարքերը համալրող նոր ու թարմ գաղափարներով լեցուն  ուսուցիչների՝  Ոսկան Մաղաքյանի,  Լիլիթ Միսակյանի, Խանդութ Սարգսյանի, Կարինե Աբրահամյանի, Տաթև Մարտիրոսյանի, Անի Գալստյանի, Մերի Բարեղամյանի, Տաթև Մկրտչյանի և այլոց։

Հիմք է դրվում նոր ավանդույթների։Դպրոցն առաջիններից էր, ուր Ժենյա Մակարյանի և Սուսաննա Գրիգորյանի  ջանքերով կիրառվեց Մանուկ Մկրտչյանի  կոլեկտիվ ուսուցման մեթոդը և այլընտրանքային այլ մեթոդներ։ Դպրոցը  համագործակցում  է  նաև <<Մշակութային լիգա >>  կառույցի հետ։

Դպրոցում 2006 թ. –ից   սկսած նշվում են բոլոր ազգային ու եկեղեցական տոները: Արդեն ավանդական են դարձել Ռոբերտ Գևորգյանի անվան  բասկետբոլի գավաթի խաղերը, մայիսի վերջին  անցկացվող համադպրոցական մարզական օրը, ուսուցչի տոնին  նշվող ինքնավարության օրը։ Ամեն տարի անցկացվում է < <Ճանաչիր հայրենիքդ>>  արշավը և ուխտագնացությունը դեպի ՀՀ տեսարժան վայրեր և եկեղեցիներ։

2006թ.-ից  աշակերտական խորհուրդն իրականացնում է «Լավագույն ուսուցիչ, աշակերտ, դասասենյակ, դասարան» մրցանակաբաշխությունը։

2008թ․-ից մեր դպրոցն անդամակցում է  «Հայ Ասպետ»  հիմնադրամին, իսկ 2010  և  2013թթ. մեր աշակերտները գրավում են 1-ին տեղը(ղեկ.՝ Լ. Միսակյան)։ Նրանցից հետ չէին մնում նաև նրանց կրտսեր  ընկերները՝ նժդեհիկները, որոնք  նույնպես  2013թ.  արժանացան   առաջին մրցանակին։ Այժմ դպրոցում գործում է նժդեհիկների ակումբը՝ ղեկավար Կարինե Աբրահամյան։

2008թ. սկսած 2008թ. դպրոցը համագործակցում է  <<Փիլատելփիա>> հասարակական կազմակերպության հետ և պարբերաբար իրականացնում է բարեգործական ակցիաներ։ 2013թ. մեր դպրոցում ձևավորվել է  <<Պատանի երկրապահ>> ակումբը ՝ ղեկավար Ոսկան Մաղաքյան, որը տարբեր ստուգատեսներում հանդես է գալիս և արժանանում  մրցանակների։ Այս ակումբը   մշտապես գտնվում է <<Զինվոր>> հասարակական կազմակերպության համակարգող խորհրդի նախագահ, մեր դպրոցի շրջանավարտ  տիկին Մարգարիտա Խաչատրյանի  ուշադրության կենտրոնում։ Իր պատմության 50 տարիների ընթացքում դպրոցը տվել  է ավելի քան 2000 շրջանավարտ,  որոնցից  26 –ը   դպրոցն ավարտել են ոսկե և արծաթե մեդալներով:
2016-17թթ.  ուս․ տարին էլ սկսել ենք նոր ծրագրերով։ Մեր դպրոցն այսուհետ ունի իր օրհներգը և իր լոգոտիպը (մտահաղացման հեղինակ՝ Հասմիկ Սմբատյան)։

2017թ. դպրոցը ղեկավարում է դպրոցի 1996թ. շրջանավարտ՝   Քրիստինե Սարգսյանը:

Մեր դպրոցում կյանքը եռում է: Ծնվում են նոր մտքեր, նոր գաղափարներ , իրականանում նոր նախագծեր, որոնց մասին Ձեզ կտեղեկացվի հաջորդիվ…